Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների[1], գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։

Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։[2]

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.

  1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
  2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։
  3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։
  4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք[3]։

Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին օրենքով[4]։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները։