Այս պատերազմական իրավիճակում ցանկացած օգնություն կարևոր է մեզ համար։ Մենք մեծ հույսեր էինք կապում ՄԱԿ-ի հետ, բայց ոչ մի օգնություն էլ չստացանք։ Շաբաթներ առաջ նույնիսկ ցույցեր կազմակերպվեցին, որի ժամանակ մեր դերասանները մի շարք մարդկանց հետ միասին ՝ Մատենադարանից ոտքով քայլեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ(տեսանյութը կարող եք դիտել վերևում)։ Ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ սեփական կարծիքը։ Ըստ իս ՄԱԿ-ի լռելն անտեղի է այս պահին։ ՄԱԿ-ը պետք է սկսի գործել, քանի որ արդեն Հայաստանի հարավային հատվածն են թիրախավորում մեր թշնամիները։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է քննարկի այս հարցը, քանի որ անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ռմբակոծվում է խաղաղ բնակչությունը։ Ռմբակոծվում են մի շարք շինություններ ՝ հիվանդանոցներ, եկեղեցիներ, բնակիչների տներ։ Ռմբակոծությունների հետևանքով վիրավորվում են մի շարք մարդիկ ՝ երեխաներ, կանայք, տարեցներ, տղամարդիկ, բայց ՄԱԿ-ը լռում է։ Մենք մեծ ակնկալիքներ ունեինք, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները կայցելեն մայրաքաղաք Ստեփանակերտ, սակայն ՄԱԿ-ի գրասենյակը չեզոքություն է ցուցաբերում, ինչն ընդհանրապես տեղին չէ։ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Գանձակ ՝ տեսել են, թե ինչ է կատարվում այնտեղ, իսկ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները չեն գնում Արցախ։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է ՄԱԿ-ը լռում։ Միգուցե ՄԱԿ-ը լռում է նրա համար, որ Արցախը չի մտնում ՄԱԿ-ի անդամ երկրների մեջ։ Իմ կարծիքով, այս հարցի պատասխանը կարող եմ ստանալ իրավունքի դասի ժամանակ ՝ այս թեման քննարկելուց հետո։