Գյումրի

Գյումրին բնակավայր է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Տարածքում հայտնաբերվել են հնագիտական (մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադար) հուշարձաններ։ Պեղված իրերից են 1875 թ. շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908 թ. գտնված մ.թ.ա. X-IX դդ. երկաթե ապարանջաններն ու դանակները։ 1929 թ. Լենինականում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI-IX դդ։ 1939 թ. մսի կոմբինատի տարածքում եղած հնագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշխատանքային գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր)։Ալեքսանդրապոլը 1915-1920 թվականներին

Հնում ստացած Կումայրի անվանումը Հակոբ Մանանդյանը կապում է կիմերների հետ, ովքեր սկյութական ցեղերի հետ մասին ներգաղթել են տարածաշրջան մ․թ․ա․ 7-3 դարերում ու հավանաբար բնակություն են հաստատել[]։

Կումայրի բնակավայրի մասին տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում։

Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություներ է հայտնում Ղևոնդ պատմիչը՝ Արտավազդ Մամիկոնյանը 773 թվականին գլխավորելով արաբների դեմ պայքարը «…հասներ ի գավառն Շիրակի գյուղն Կումայրի և սպաներ հրամանատարն հարկին»։

Այնուհետև, դարեր շարունակ Կումայրի-Գյումրին նշանակալի առաջադիմություն չի ունենում։ Մինչև XIX դարի սկիզբը Գյումրին ընկել է մերթ Պարսկաստանի, մերթ Թուրքիայի տիրապետության տակ, ինչի պատճառով բազմիցս թալանվել է ու ավերվել։ Գյումրու զարգացման ամենանշանակալի շրջանը դարձավ XIX դարը, երբ 1804 թ.՝ ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ, այն հարակից տարածքներով հանդերձ մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն՝ շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը:

Պատմական տարբեր ժամանակներում բնակավայրը կրել է տարբեր անուններ։ Ամենահին աղբյուրը, որ թվագրված է Ք.Ա. VIII դարով, այն հիշատակում է Կումայրի անունով։ Այդպես է անվանվել նաև մ.թ. VIII դարում, ինչպես վերը նշեցինք, Ղևոնդ պատմիչի ձեռագրում։ Փաստորեն շուրջ 16 դար բնակավայրը հայտնի է եղել այս անվանումով։ Հետո երկար ժամանակ տեղեկություններ չկան, որից հետո սկսում է հիշատակվել «Գումիրի», «Գումրի», «Գյումրի» և այլ տարբերակներով, մինչև 1837 թվականը, երբ վերանվանվեց Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ Ռուսաց ցար Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի տարի հետո՝ 1924 թվականին քաղաքը կոչվեց Լենինական՝ Վ.Ի Լենինի անունով։ Հայաստանի անկախացումից հետո 1991 թվականին շատ կարճ ժամանակով վերականգնվեց քաղաքի հնագույն Կումայրի անունը, որից հետո 1992-ին կրկին հաստատվեց միջին դարերից հայտնի Գյումրի տարբերակը։