Հյուսիսի շունչը…

Լոռվա հարազատ դարձած ճանապարհը կարոտով ու հանդիմպան սպասումով էինք թողել անորոշ ժամանակով… Մենք ճամփորդական երկար դադարից հետո կրկին հյուսիսում էինք: Այն հյուսիսում, որի Դեբեդն ու վանքերը, լեռներն ու ճանապարհները մեր հոգիները ջերմությամբ լցրեցին, ստիպեցին ընկղմվել օդի պարզության մեջ ու զգալ լեռներից փչող սառը օդը մարմնի ողջ բջիջներով: Ալավերդին իմ այցելած ամենա կոլորիտային և լքված քաղաքներից մեկն է, իսկ քաղաքի ընդհանուր պատկերը  ինձ հիշեցրեց  նկարչի անավարտ գլուխգործոց, քանզի աննման գեղեցկություն ունեցող քաղաքը զրկված էր գունային խաղից և ամեն ինչ այնքան սառն էր ու լքված, որ ասես մարդկությունը լքել էր այդ տարածքը հազարամյակներ առաջ: Միայն մարդկանց անկեղծ ժպիտներն էին գույներ հաղորդում այդ մելամաղձոտ և սառը քաղաքին:Ճամփորդելը իմ տարերքն է, ուղղությունը էական չէ, կարևոր է պահի զգացումն ու ակնթարթների վայելումը, գիտակցումը, որ մի քանի օր անց էս պահերն էլ են հուշանալու ու համալրվելու ճամփորդական հուշերիս օրագրում: Որոշել եմ ոչ մի հեռուն տանող ուղղություն բաց չթողնել, որովհետև հենց ճանապարհներին ստեղծած հուշերն են ուղեկցելու ինձ կյանքիս ողջ հետագա ընթացքում, ու ժպտալու առիթ դառնալու, կյանքիս անգույն օրերը գունավորելու: